Հիմնանորոգվում է Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ճանապարհը

Armenpress 16:58, 15 Մարտ, 2024

ԳԱՎԱՌ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի մարտի 15-ից սկսվել են Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Մ-14-Նորակերտ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգումն ամբողջությամբ կիրականացվի պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, կապալառու կազմակերպությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն։

Ճանապարհի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 345 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսված է Փոքր մասրիկ-Նորակերտ ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 2100 գծամետր երկարությամբ և շուրջ 13600 քառակուսի մետր մակերեսով։ Նախատեսված է իրականացնել հիմքի, ջրահեռացման համակարգերի, մայթերի կառուցման, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներ։ 

Շինարարական աշխատանքներն ավարտի կհասցվեն 2024 թվականի ընթացքում։  

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am