Ռիհաննան, Մարկ Ցուկերբերգն ու Իվանկա Թրամփը՝ հնդիկ միլիարդատիրոջ ժառանգի նախահարսանեկան երեկույթին. համացանցը ողողված է հարսանեկան նոր կադրերով

Armenpress 14:58, 8 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարկ Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը և Իվանկա Թրամփը բարձրաստիճան միջազգային դեմքերի թվում էին, որոնք Հնդկաստան էին ժամանել միլիարդատիրոջ ժառանգորդ Անանտ Ամբանիի շռայլ նախահարսանեկան երեկույթին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը: 

Եռօրյա տոնակատարությունը, որը ներառում էր փոփ գերաստղ Ռիհաննայի և աճպարար Դեյվիդ Բլեյնի ելույթները, իր շուրջ էր համախմբել  մոտ 1200 հյուրի Սիլիկոնյան հովտից, Բոլիվուդից և այլ երկրներից, այդ թվում՝ կրիկետի լեգենդ Սաչին Թենդուլքարը և դերասան Շահ Ռուխ Խանը:

Ամբանին Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի կրտսեր որդին է, որի կարողությունն, ըստ Forbes-ի, գնահատվում է 117 միլիարդ դոլար: 28-ամյա տղամարդը աշխատում է որպես էներգետիկ բիզնեսի տնօրեն, որը ղեկավարում է Reliance-ը՝ իր պապի հիմնադրած հնդկական կոնգլոմերատը:

Չնայած Ամբանին և նրա 29-ամյա ընկերուհին՝ Ռադհիկա Մերչանտը, պետք է ամուսնանան հուլիսից ոչ շուտ, նրանք միջոցներ չեն խնայել շքեղ նախահարսանեկան երեկույթի համար: Հյուրերին մատուցվել է մոտ 100 խոհարարի պատրաստած 500 ուտեստ, հաղորդում Է Reuters-ը, որը ծանոթացել է հրավիրյալներին տրամադրված պլանավորման փաստաթղթի պատճենին:

Հանգստյան օրերին տոնական միջոցառումներ են անցկացվել Ջամնագարում, Գուջարաթի արևմտյան նահանգում, Reliance-ի գլխավոր նավթավերամշակման գործարանի մոտ:

Քաղաքային օդանավակայանը, որը սովորաբար սպասարկում է օրական 10-ից պակաս չվերթ, հաղորդել է ակտիվության աճի մասին: Այդ օրերին օդանավակայանից հայտնել են մոտ 130 չվերթի մասին:

Ըստ Reuters-ի, հյուրերին տրամադրվել են չարտերային ինքնաթիռներ Նյու Դելիից և Մումբայից, ինչպես նաև վարսահարդարների, դիմահարդարների ծառայություններ:

Հատուկ հարսանիքի համար կառուցվում է նոր հինդուական տաճարային համալիր, որը հետագայում բաց կլինի հանրության համար:

Նախահարսանեկան միջոցառումների շարքում Ամբանի ընտանիքը ընդհանուր ընթրիք է կազմակերպել ավելի քան 50 հազար գյուղացու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am