Պատեհ առիթ է՝ վերահաստատելու հավասար հնարավորությունների միջավայր կերտելու մեր կամքը. նախագահը շնորհավորել է կանանց

Armenpress 12:02, 8 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:

Մենք առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ ենք նշում այս տոնը, ինչը վկայությունն է մեր հանրության, ընտանիքի ու անձնական կյանքում ձեր անգերագնահատելի տեղի ու դերի։

Կանանց միջազգային օրը պատեհ առիթ է, որպեսզի մենք, որպես որդիներ, ամուսիններ և հայրեր, վերահաստատենք հավասար իրավունքների ու հնարավորությունների միջավայր կերտելու մեր կամքը»:Ըստ նախագահի՝ դեռ շատ անելիքներ կան այս նպատակին հասնելու համար և այդ ճանապարհին հաջողելու գրավականը կանանց անփոխարինելի ուժ ու ոգևորություն տվող աջակցությունն է։«Սրտանց ցանկանում ու մաղթում եմ ձեզ, որպեսզի առավելագույնս ակտիվ լինեք մեր երկրի հանրային, պետական, մշակութային ու տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում։ Դրսևորեք ձեր տաղանդն ու ունակությունները մեր առօրյան, հասարակական կյանքը դարձնելով ավելի գունեղ, հանդուրժող ու մոտիվացնող։Սիրելի կանայք, այս գարնանային տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ և մաղթում ձեզ անձնական երջանկություն, ընտանեկան ջերմություն, անսպառ սեր ու շարունակական հաջողություններ»,-նշել է նախագահը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am