Կրճատել սննդային թափոնը. 15-ամյա Նարեի մասնակցությամբ նախագիծն արժանացել է միջազգային մրցանակի

Armenpress 11:15, 8 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքրքրված լինելով  շրջապատի, բնության և էկոլոգիայի պահպանման  խնդիրներով` Այբ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Նարե Մհերյանը որոշեց մասնակցել  New York junior academy-ի Կանաչ տներ, Կանաչ դպրոցներ, Կանաչ համայնքներ նախագծին, որի արդյունքում իրենց թիմը պատրաստել է ծրագիր` ուղղված սննդային թափոնի ծավալի նվազեցմանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նարեն նշեց՝ ծրագրի շրջանակում կատարված բազմաթիվ հարցումները ցույց են տվել, որ մարդկանց մեծ մասը բավարար չափով իրազեկված չէ, և շատերը չեն պատկերացնում, թե ինչպիսի ազդեցություն ունի սննդային թափոնը մեր շրջապատի, մոլորակի վրա և ինչպես կարելի է այն կրճատել:

Նախագծի շրջանակում ձևավորված աշխատանքային թիմում ընդգրկված միակ հայ աշակերտը՝ Նարեն, կարևորում է շրջակա միջավայրի պահպանության գործում երիտասարդների ակտիվությունը։

«Շրջակա միջավայրի պահպանության գործում շատ դեպքերում մարդկանցից մեծ ջանք չի պահանջվում, և առօրյայում վարքագծի որոշակի փոփոխությունը կարող է գործնականում մեծ արդյունքի հանգեցնել։ Օրինակ՝ կարելի է առօրյայում առաջացած սննդային թափոնները խառնել հողի հետ և ստանալ պարարտանյութ, որը կարելի է օգտագործել բույսերի և միրգ, բանջարեղեն աճեցնելու համար»,-ասաց Նարեն:

Ըստ նրա՝ նախագիծը ստեղծվել է մարդկանց իրազեկելու, ինչպես նաև սովորեցնելու սեփական սննդային թափոնները կիրառելու և բնությանը օգտակար լինելու մեխանիզմները: Ծրագրին մասնակցել է 258 թիմ: Իսկ այն նախագիծը, որը Նարեն և իր թիմը ներկայացրել են, ևս 10 նախագծի հետ արժանացել է Team of distinction մրցանակի։

 

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am