ՀՀ վարչապետն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Armenpress 17:20, 6 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերապայծառ Գրիգոր Օգոստինոս Գուսանը: Վարչապետը կատարել է մոմառավառություն և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Հաջորդիվ վարչապետը առաջնորդարանում կարճատև հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի:

Վարչապետն անդրադարձել է Եգիպտոսի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքներին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և այլ թեմաների:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am