ՏՏ համայնքի ներկայացուցիչը ներկայացրեց ՏՏ ոլորտը խթանող օրենսդրական նոր փաթեթը

Armenpress 16:30, 5 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի կողմից ստեղծած աշխատանքային խմբի ներկայացուցիչ Արա Խզմալյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ է նախատեսվում իրականացնել ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օրենսդրական նախագծի փաթեթով նախատեսվում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար սահմանել մեկ համավճար, որը հաշվարկվում է հիմք ընդունելով հաշվետու ժամանակահատվածում եկամտային հարկի գծով հաշվարկած և վճարված գումարները։

«Եթե խոսում ենք համավճարի մասին, ապա նախատեսված է, որ պետք է լինի հնարավորինս ավտոմատացված մեխանիզմ, որում առցանց դիմում է ներկայացվելու, տեղեկությունները ստուգվելու են՝ համադրելով ՊԵԿ տեղեկատվական բազայի միջոցով առկա տվյալների, մասնավորապես հարկային հաշվարկների ներկայացվածի հետ, որի արդյունքում որոշումը կայացվելու է ավտոմատացված՝ ունենալով վերանայման հնարավորություն, եթե տեխնիկական խնդիրներ կան»,-ասաց Խզմալյանը։

Օրենքով նախատեսվում է նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրել համաֆինանսավորում բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների սուբյեկտներին գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների և ծառայությունների, բարձր տեխնոլոգիական և ՏՏ ոլորտում կրթական ծրագրերի գծով ծախսերի և կապիտալ ներդրումների համար։

«Այս առումով և՛ չափանիշները, և՛ չափերը, և՛ կարգը պետք է լրացուցիչ սահմանվեն ենթաօրենսդրական ակտերով»,- ավելացրեց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ որպես հեռահար նպատակ նախատեսվում է նաև մշակվել և ներդնել մոտեցումներ, ըստ որոնց՝ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների և ծառայությունների և բարձր տեխնոլոգիական ոլորտում կրթական ծրագրերի ու կապիտալ գծով կլինեն հավելյալ ծախսագրման հնարավորություններ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am