Հակոբ Արշակյանը ՏՏ ոլորտում օրենսդրական բարեփոխումները կարևորում է կրթության և գիտության ոլորտներում որակական փոփոխությունների համատեքստում

Armenpress 12:09, 5 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ,5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ «ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտի զարգացման համար իշխանությունը հաստատակամ է լրջորեն քայլեր ձեռնարկել։

«Իհարկե, օրենքում թե տեխնիկական, թե բովանդակային առումով աշխատելու տեղ կա։ Համոզված եմ, որ այս քննարկումը կծառայի օրենքի էլ ավելի հարստացմանը բովանդակային առումով։

Ուշադրություն եմ ուզում դարձնել մի հանգամանքի վրա, որ օրենքը չպետք է լինի ուղղակի արտոնությունների մասին, այլ կրթության և գիտության ոլորտների որակական փոփոխության խթան կհանդիսանա»,-ասաց Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտում կա 50 հազար մասնագետ, որոնք կարող են դասավանդել թե՛ բուհերում, թե՛ դպրոցներում և կարող են գիտական աշխատանքում մեծ ներդրում ունենալ։

«Մեր աշխատանքը հենց դրան պետք է միտված լինի, որ վճարված հարկերը խթաններ հանդիսանան կրթության և գիտության մեջ ներդրումների համար»,-ավելացրեց Արշակյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am