Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 19:16, 1 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 17:09-ին Պազարչիկի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

Անցյալ տարվա փետրվարի 6-ին Քահրամանմարաշ նահանգում 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել, երկրորդի էպիկենտրոնը Էլբիստանի շրջանում էր։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել էին հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքական իշխանությունները երկրաշարժերն անվանեցին «դարի աղետ», ավելի քան 53 հազար մարդ զոհվեց, ավելի քան 107 հազարը վիրավորվեց։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am