ՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը

Armenpress 13:05, 25 Փետրվար, 2024

ԳՅՈՒՄՐԻ,  25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  (ՎԶԵԲ) միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու համայնքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  միջև կնքված համաձայնագրի շրջանակներում  նախատեսվում են Անի և Ավստրիական թաղամասերի ողջ ճանապարհային ցանցի հիմնանորոգման և տվյալ թաղամասերի, ինչպես նաև Շիակացի փողոցի արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ։ Ծրագրի այս փուլով նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 16 կմ երկարությամբ ճանապարահատված, ընդհանուր առմամբ, 190 հազար քառակուսի մետրը՝ երթևեկելի։ «Ընդհանուր թվով հիմնանորոգվելու է 37 փողոց, տեղադրվելու են 1300 նոր լուսատուներ, 208 լուսատու տեղադրվելու է Շիրակացի փողոցից մինչև Օզանյան փողոց ճանապարհահատվածի երկու կողմերում»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու համայնքապետարանից։

«Գյուրմրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի նախորդող տրանշների միջոցների հաշվին մինչև 2023 թվականը հիմնանորոգվել է քաղաքի թվով 33 փողոց և 4 հրապարակ։

Նշենք նաև, որ փողոցաշինական աշխատանքների մեկնարկը կտրվի նախագծերի ձեռքբերումից հետո։  Այս պահին ընթացքի մեջ են նախագծերի գնման մրցույթային գործընթացները։

Արմենուհի Մխոյան       



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am