ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանին

Armenpress 18:32, 22 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 86-ամյակի կապակցությամբ Վարպետին շնորհավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ այցելելով նրա բնակարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Դանիել Դանիելյանը շնորհավորել է Փելեշյանին ծննդյան կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, ստեղծագործական նոր ներշնչումներ՝ կարևորելով Վարպետի նոր՝ «Հավերժական լույս» ստեղծագործությունը. «Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործել և Ձեր մտքերը հանձնել մեզ՝ դրանք կյանքի կոչելու և ևս մեկ բացառիկ գործ սերունդներին հանձնելու պատասխանատվությամբ»:

Ըստ աղբյուրի՝ Դանիել Դանիելյանը և Վարպետն անդրադարձել են «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման մանրամասներին: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ արդեն իսկ քննարկվել են դրվագները, նախանշվել առաջիկա քայլերը:

Արտավազդ Փելեշյանի խոսքով՝ նոր ստեղծագործությամբ հետաքրքրված է նաև Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամը. «Ինձ համար կարևոր է, որ այս նոր գործը, որը բացառիկ է լինելու իր բնույթով, առաջինը ներկայացվի հայաստանյան բեմում, և առաջին հնչեղությունը ստանա հենց Հայաստանից: Կարծում եմ՝ եթե ցանկանում ես, որ լավ գործը կայանա, պետք է համարձակվես քայլ անել»,- ասել է Վարպետը:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը վերահաստատել է գերատեսչության պատրաստակամությունը՝ աջակցելու ստեղծագործության կյանքի կոչմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am