«Մտորումների թատրոն»-ում տեղի ունեցավ Հայկազ Հակոբջանյանի «Պադվալի Վաղոն» հերոսական դրամայի առաջնախաղը

Armenpress 11:43, 18 Փետրվար, 2024

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու «Մտորումների թատրոն»-ում տեղի ունեցավ Հայկազ Հակոբջանյանի «Պադվալի Վաղոն» հերոսական դրամայի առաջնախաղը։

Հայդուկ, հայրենիքի համար նահատակված Ավետիս Ղարիբյանի՝ Պադվալի Վաղոյի հերոսական ուղուն նվիրված վեպը լույս է տեսել Բեյրութում 1996 թվականին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ներկայացման բեմադրությունը, նկարչական ու երաժշտական ձևավորումները ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես  Հովհաննիսյանինն է, գլխավոր դերակատար՝ Դավիթ Մարդոյան։

Ավետիս Ղարիբյան-Պադվալի Վաղո (1866-1904) ծնվել ու ապրել է Գյումրիում։ Տունը, որտեղ նա ծնվել ու ապրել է՝ Տերյան փողոցում, այս պահին էլ կանգուն է։ Կազմակերպել է խմբեր, որոնց զինել եւ ուղարկել է թուրքերի դեմ կռվելու։ Ըստ վկայությունների՝ 1904թ. ամռանը ինքն էլ է մեկնել թուրքերի դեմ կռվելու և զոհվել։

«Ժամանակն էր այս նյութը հանրությանը ներկայացնելու։ Շատ այժմեկան է՝ այսօրվա ու մեր մասին։ Կարդում ես տարիներ առաջ գրված այս գործը ու զարմանում՝ ամբողջովին մեր օրերի կրկնությունն է։ Պադվալի Վաղոն իրական կերպար է։  Սա մեր հերոսներին հիշելու, միավորվելու ու պայքարի կոչ է»,- «Արմենպրես»-ին ներկայացնելով գործը՝ նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Այս անգամ «Մտորումների թատրոն»-ում՝ նույն հարթակում, տարբեր սերունդներ են՝ փորձառու դերասաններն ու թատրոնի սաները։ Բեմական ու սցենարային ասելիքը խորն էր՝ դերասանական խաղը՝ դիպուկ։

Գյումրիում իր ուրույն խոսքն ու ձեռագիրն ունեցող փորձարարական թատրոնն այս անգամ էլ յուրահատուկ  բեմադրական ու դերասանական խաղաոճով հուզեց ու տպավորեց  հանդիսատեսին, և, ինչպես առաջանխաղի ավարտին նշեցին շատ հանդիսատեսներ, «Մտորումների թատրոն»-ը կրկին մտորելու առիթ տվեց:       

 

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am