Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի. Արարատ Միրզոյան

Armenpress 19:54, 13 Փետրվար, 2024

ԲՐՅՈՒՍԵԼ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, պետք է տեղում վերարտադրվեն Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀՀ արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում և անցյալ տարվա աշնանը Գրանադայում քառակողմ հանդիպումներում ընդունված հայտարարություններում, ինչպես նաև այն համաձայնագրերին, որոնք հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներից հետո։

«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և Խորհրդային Միության իրավասու և լիազորված մարմինների կողմից մշակված ամենավերջին քարտեզների վրա, եւ դա պետք է հիմք դառնա երկու երկրների սահմանների սահմանազատման համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, սակայն պետք է տեղում վերարտադրվեն Ալմա Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները», - ընդգծեց նախարար Արարատ Միրզոյանը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am