Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

Armenpress 10:31, 25 Հունվար, 2024

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ️ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 18-ին և 19-ին  հյուրախաղերով հանդես կգա Երևանում։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աճեմյանցիները թատերասերներին կներկայացնեն Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրաման, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան,  նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։

Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշեց՝ ի սկզբանե նպատակը թատերասերներին Գյումրի բերելն էր, բայց Երևանում  հանդես գալու հետաքրքրությունն ու ցանկությունը շատ մեծ էր, դա էր պատճառը, որ նախապես ծրագրած մեկ ներկայացման փոխարեն կլինի երկուսը։

«Թեև բավական բարդ է այս ներկայացման դեկորացիան տեղափոխել, բայց  հանդիսատեսի պահանջը շատ մեծ էր այս ներկայացումը Երևանում տեսնելու,  ու մենք որոշեցինք այդ դժվարությունները հաղթահարել։ Վստահ եմ, որ «Ինկած բերդի իշխանուհին» մեծ հաջողություն կունենա մայրաքաղաքում»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը։

Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Բեմում թատրոնի արհեստավարժ դերասանների կողքին  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն են։     

   

Արմենուհի Մխոյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am