ՀՀ-ն և ԱՄԷ-ն որոշ մթերքների արտահանման համար վկայականների նմուշների համաձայնեցման գործընթաց են սկսել

Armenpress 21:48, 12 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության համագործակցության արդյունքում համաձայնեցվել են ծովային, քաղցրահամ ջրերի վայրի կամ բուծված կենդանիների ու նրանցից ստացված արտադրանքի արտահանման առողջության վկայականի նմուշները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  ղեկավար Արմեն Հայրապետյանը՝ 2023 թվականի  գործունեության ամփոփմանը՝ հավելելով, որ համաձայնեցվել են նաև մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտահանման առողջության վկայականների նմուշները:

«2024 թվականի առաջին եռամսյակում սպասվում է նաև միս-մսամթերքի և կաթնամթերքի արտահանման առողջության վկայականների նմուշների համաձայնեցում»,-մանրամասնեց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ Տեսչական մարմնի և Եվրոպական հանձնաժողովի համագործակցությամբ բացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրամիության երկրներ կաթ և ձու պարունակող կոմպոզիտային սննդամթերքի (բուսական և կենդանական ծագման վերամշակված արտադրանք) արտահանումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am