Պուտինը հրամանագիր է ստորագրել զինվորագրվող օտարերկրացիներին քաղաքացիություն տրամադրելու մասին

Armenpress 15:16, 4 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայության անցնելու պայմանագիր կնքած օտարերկրյա քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ի հրապարակումը։

Ըստ հրապարակման՝ բացի օրենքով նախատեսված այլ դեպքերից, ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմում կարող են ներկայացնել օտարերկրյա քաղաքացիները, որոնք «հատուկ ռազմական գործողության անցկացման ժամանակաշրջանում պայմանագիր են կնքել Ռուսաստանի զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ կամ հատուկ ռազմական գործողության անցկացման ժամանակաշրջանում զինվորական ծառայություն են անցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում»։

Բացի այդ, քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք «հատուկ ռազմական գործողության ընթացքում» Ռուսաստանի զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայությունից ազատվել են տարիքի, առողջական վիճակի և մոբիլիզացիայի ժամանակաշրջանի ավարտի կամ ռազմական դրության չեղարկման պատճառով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am