Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը

Armenpress 18:47, 29 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկ Միխայիլ Բենիմինին՝ զանգերի կենտրոնների՝ ներդրումային խարդախության գլոբալ ցանցի գործով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է իշխանական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բենիմինին, որը միաժամանակ Իսրայելի և Վրաստանի քաղաքացի է, ձերբակալվել է գերմանական դատախազության պահանջով: Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարում էր Ալբանիայի ցանցի մասնաճյուղը։

«Ռուսթավի 2»- ը չի նշում իր աղբյուրները։ Վրաստանի կամ Գերմանիայի պաշտոնական գերատեսչություններից Բենիմինի ձերբակալության վերաբերյալ մեկնաբանություններ մինչ օրս չեն ստացվել:

Իսրայելում Բենիմինին անցնում է 11,5 մլն դոլարի եկամուտ թաքցնելու գործով։ Ինչպես նշվում է, բիզնես գործընկերների հետ այդ գումարը նա ստացել է «Պաշտպանիչ վահան» ընկերության միջոցով ՝ 2007-2009 թվականներին Վրաստանի ռազմական ոլորտին տրամադրված խորհրդատվության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am