Վարչապետը ՄԱԿ բարձր ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացմանը

Armenpress 19:28, 14 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆատիմային: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման անցկացումը և վստահություն հայտնել, որ քննարկումները կլինեն արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դեպի ծով ելք չունեցող պետությունների համագործակցությունը և զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը: Այդ առումով, վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման հնարավորություններին և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին:

Ըստ աղբյուրի՝ Ռաբաբ Ֆատիման նշել է, որ Երևանում անցկացվող «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով հանդիպումը հանդիսանում է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ կազմակերպվելիք պաշտոնական թեմատիկ հանդիպում: ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ՄԱԿ գլխավոր քարտուղարի անունից վարչապետ Փաշինյանին հրավիրել է Կիգալիում կայանալիք միջոցառմանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am