Պոլիտեխնիկն ու Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կհամագործակցեն մի քանի ուղղություններով

Armenpress 11:39, 9 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը՝  ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորությամբ, այցելել է Ռադիոիզոտոպների  արտադրության կենտրոն, որտեղ իրականացվում է պոզիտրոն էմիսիոնտոմոգրաֆիկ հետազոտություն (ՊԷՏ/ՀՏ) ռադիոֆարմ պատրաստուկների կիրառմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղում նման ծավալների իզոտոպի ստացման գործառույթը միակն է տարածաշրջանում, ինչը կարևոր հանգամանք է՝ հաշվի առնելով  Ֆ-18 ռադիոակտիվ իզոտոպի կիսատրոհման կարճպարբերությունը:

Լաբորատոր բաժնի մասնագետները ներկայացրել են ռադիոֆարմպատրաստուկի արտադրության հաջորդական պրոցեսները (իզոտոպի արտադրություն Cyclone 18 Twin արագացուցիչի միջոցով, ռադիոֆարմպատրաստուկի ստացում Synthera V2 սարքով և որակի վերահսկման փուլ), ինչպես նաև ախտորոշիչ բաժանմունքում իրականացվող ՊԷՏ/ՀՏհետազոտման նրբությունները:

Ծավալվել է քննարկում ՀԱՊՀ-ի և Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի գործակցության հնարավորության շուրջ:

«Շատ հաճախ գիտության որոշ  ուղղություններ տեղից չեն շարժվում՝ կիրառման հարթության պրոբլեմներին չտիրապետելու և սկզբնաղբյուրներին հասանելիություն չունենալու պատճառով: Քննարկման արդյունքում հասկանում ենք՝ ինչպես դիրքավորվել թե´ կադրերի պատրաստման, թե հետազոտական աշխատանքի առումով: Ո՞ր հարցերով զբաղվելն է իրատեսական, որոնց ժամանակ հատկացնելով՝ կձևավորենք համագործակցային միջավայր: Զարգանում են այն մասնագիտական համայնքները, որտեղ աշխատողները զբաղվում են հետազոտությամբ, ինչի ականատեսը ես եղա այստեղ: Սա նշանակում է, որ մեր միջև կարող է ձևավորվել բնական երկխոսություն և արդյունավետ համագործակցություն»,-ասել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնիտնօրեն Արմինե Բադեյանը նշել է, որ  ինչպես իրենց, այնպես էլ նմանատիպ այլ կենտրոններում առկա է նեղ  մասնագետների մեծ պահանջարկ,և որ վերջիններիս բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չկա մասնագետների պատրաստման համակարգված մեկ միասնական համակարգ: Բադեյանը նաև հավելել է, որ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը  պատրաստակամ է իր ողջ մասնագիտական ներուժով աջակցել համապատասխան մասնագետների կրթման և գործնական հմտությունների ձևավորման գործընթացին: Այդ առումով, ըստ Բադեյանի, Պոլիտեխնիկի և Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հաջող գործակցությունը ինքնին կարող է նոր զարգացման սկիզբ դառնալ:

Քննարկման արդյունքում նախանշվել է համագործակցության ճանապարհային  քարտեզը: Որպես առաջին քայլ՝ կողմերը պայմանավորվել են գործակցել միջին մասնագիտական և բարձրագույն կրթությամբ ինժեներների պատրաստման, համատեղ  հետազոտական աշխատանքների իրականացման, ինչպես նաև ուսանողների  համար համապատասխան պրակտիկաների ապահովման ուղղություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am