ԱՍՀ նախարարությունը պարզաբանել է «40+10 հազար դրամ» ծրագրի դիմումը լրացնելիս անչափահասի տվյալները մուտքագրելու քայլերը

Armenpress 20:40, 7 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է այն քայլերը, որոնք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները պետք է կատարեն այն դեպքում, երբ ժամանակավոր կացարաններում բնակության և կոմունալ ծախսերի վճարման համար նախատեսված «40+10 հազար դրամ» աջակցության ծրագրի շրջանակում ներկայացրել են դիմում, սակայն չեն մուտքագրել անչափահասի վերաբերյալ տվյալներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ծրագրի շրջանակում անչափահասի համար դիմում կարող է ներկայացնել այն չափահաս քաղաքացին (ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն), ով համակարգում արդեն ունի դիմում։

«Անչափահասի բաց թողնված տվյալները լրացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝

մուտք գործել https://rent.socservice.amհղմամբ և լրացնել անձնական տվյալներ (անձը հաստատող փաստաթղթի համար, անուն, ազգանուն)՝ տալով «Սեղմել կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար» հրահանգը, համակարգը կցուցադրի հաղորդագրություն՝ «Նշված տվյալներով դիմում առկա է համակարգում։ Ցանկանո՞ւմ եք ավելացնել ընտանիքի անչափահաս անդամ»՝ «Այո/Ոչ» հրահանգներով, «Այո» հրահանգը սեղմելու դեպքում բացվում է ընտանիքի անդամի տվյալների լրացման միջերեսը (ինտերֆեյս), որտեղ հնարավոր է լրացնել միայն անչափահաս անդամի տվյալները, տվյալների լրացման կարգը նույնն է՝ ներառյալ փաստաթղթի կցման պահանջը, դիմումը ներկայացնելուց հետո համակարգում ավելանում է միայն անչափահասի տվյալներով ենթահայտը»,- ասվում է պարզաբանման մեջ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am