ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Շանհայում այցելել է տարեցներին խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրող հաստատություն

Armenpress 18:39, 1 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ընթացքում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը Շանհայում այցելել են տարեցներին խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրող հաստատություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՍՀ նախարարությունից, նրանք շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել տրամադրվող ծառայությունների շրջանակին, տարեցների խնամքի կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև շահառուների ազատ ժամանցի և զբաղվածության ապահովման գործընթացին։ Ներկայացվել են նորարարական տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող մանրամասներ, որոնք հնարավորություն են տալիս տարեցներին մատուցվող ծառայությունները դարձնել առավել արդյունավետ ու հասցեական։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում դիտարկվել է նաև լավագույն փորձի փոխանակման, այդ թվում՝ որոշ նորարարական լուծումներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում տեղայնացնելու հնարավորությունը։

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական կապ հաստատել և համագործակցել տարեցների հիմնահարցերի ոլորտում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am