Կայացել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը

Armenpress 18:00, 30 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նախորդ նիստում ներկայացված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին: Ծավալված քննարկումների արդյունքում այն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է բոլոր ներգրավված կառույցներին ծրագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան շարունակել նախապատրաստական աշխատանքները, հստակեցնել անելիքները, բարձրացված հարցերի շուրջ կազմակերպել քննարկումներ և առաջարկվող լուծումները ներկայացնել հաջորդ նիստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am