Փոխվարչապետ Գրիգորյանը և ԵՄ փաստահավաք առաքելության անդամները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր

Armenpress 21:25, 27 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդիպման սկզբում ԵՄ գործընկերներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները և Կառավարության կողմից նախաձեռնված միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասվող հավանական մարտահրավերներին:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկումը ճանապարհային քարտեզով սահմանված ժամկետում: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am