Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Armenpress 16:59, 20 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև Գազայի հատվածում տիրող իրադրությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ Ծինփինը Մակրոնին հայտնել է, որ ցանկանում է ֆրանսիական ընկերությունների կողմից ավելի շատ ներդրումներ Չինաստանում։ Նա նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիան արդար և ոչ խտրական միջավայր կստեղծի չինական ընկերությունների համար։

Բացի այդ, Սի Ծինփինը հայտնել է, որ Չինաստանը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ֆրանսիայի հետ ՄԱԿ-ում և այլ բազմակողմ կազմակերպություններում։ Ի դեպ, Չինաստանն այս ամիս ստանձնել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահությունը։

Չինաստանի ղեկավարը Ֆրանսիայի նախագահին նաև կոչ է արել ավելի կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման հարցում։

Երկու ղեկավարները նաև տեսակետներ են փոխանակել Գազայի հատվածում ընթացող հակամարտության վերաբերյալ և համաձայնել են, որ չպետք է թույլ տալ իրավիճակի վատթարացում, հատկապես՝ հումանիտար ճգնաժամի խորացում։

Կողմերը նաև համակարծիք են այն հարցում, որ պաղեստինաիսրայելական հակամարտության լուծման ճանապարհը երկու պետությունների ստեղծումն է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am