ՀՀ ԱԳ նախարարի և ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պահպանելը

Armenpress 20:26, 14 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Հայաստան-Միացյալ Թագավորություն բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և խմբի անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցներն արձանագրել են երկկողմ քաղաքական երկխոսության խորացման դինամիկան և այս համատեքստում կարևորել նախօրեին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը՝ ի թիվս այլնի՝ որպես Հայաստանում ժողովրդավարությանն աջակցության կարևոր դրսևորում:

«Հանդիպման օրակարգում են եղել  Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: 

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Գրանադայի հայտարարության մեջ արձանագրված սկզբունքներին:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը` շեշտելով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայության կարիքների և իրավունքների հասցեագրման խնդիրները:

Նշվում է, որ ներկաներն ընդգծել են աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունների ֆոնին Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պահպանելու կարևորությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am