Հայաստանը հույս ունի առաջիկա ամիսներին բրյուսելյան երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ․ Փաշինյան

Armenpress 18:58, 10 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական կողմը հույս ունի, որ առաջիկա ամիսներին կստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով վերոհիշյալ երեք հիմնական սկզբունքներին։  

«Սկզբունք համար 1. Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29,800 կմ2, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ2 տարածք։ 

Սկզբունք համար 2. Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ: Ի գիտություն ձեզ, Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրվել է Խորհրդային Միության 12 հանրապետությունների կողմից 1991թ. դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագրով նախկին ԽՍՀՄ 12 հանրապետությունները, ներառյալ Ադրբեջանը և Հայաստանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող վարչական սահմանների անձեռնմխելիությունը, հետևաբար Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ 

Սկզբունք համար 3. Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները»,- մանրամասնեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ նշված սկզբունքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում, և այդ պայմանավորվածություններն արձանագրվեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններում՝ 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի եռակողմ հանդիպումներից հետո։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես իրենց աջակցությունն են հայտնել այս սկզբունքներին, որն արտահայտված է Շառլ Միշելի, Օլաֆ Շոլցի, Էմանուել Մակրոնի և իմ կողմից ստորագրված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։ Եվ եթե Ադրբեջանը չմերժի այդ սկզբունքները, դա կնշանակի, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է դառնում։ Ցավոք, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել անցյալ ամիս Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը։ Հոկտեմբերին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը չկայացավ, և ես հաջորդ հանդիպման հրավեր չեմ ստացել Շառլ Միշելից։ Հուսով եմ, որ ԵՄ մեր գործընկերները հավատարիմ են իրենց պարտավորություններին»,- ասաց ՀՀ վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am