Վազքն առողջ ապրելակերպի հիմք. կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը

Armenpress 18:05, 4 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպորտի մասսայականացման ու առողջ ապրելակերպի խթանման համար արդեն երրորդ տարին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցում էին 3 տարիքային խմբեր և առանձին պրոֆեսիոնալ աթլետների խումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:

Պարգևատրելով մրցաշարի ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այս մրցաշարը կազմակերպվել է հաստատելու բոլոր իրավիճակներում առաջ ընթանալու, մեր կամքն ամրացնելու, մեր առաջ դրված խնդիրները լուծելու հաստատակամությունը: Երբեմն մենք առաջ կընթանանք քայլելով, երբեմն վազելով, երբեմն շատ դժվար կլինի առաջ գնալ, բայց մենք մեր ընթացքը չենք կասեցնի, քանի որ մեր նպատակն ազատ, ուժեղ, ինքնիշխան, երջանիկ և անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է»,-ասաց Վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ  սիրողական խճուղավազքում դպրոցահասակ մասնակիցների մասնակցությունը պետք է շարունակաբար խթանվի:

«Հույս ունեմ, որ հաջորդ տարվանից մենք կսկսենք մարզային մարզական կենտրոնների ծրագիրը, որը կլինի և՛ պատանիների, և՛ մեծահասակների, և՛ պրոֆեսիոնալների համար: Մենք ամեն ինչ կանենք բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ մարզական ենթակառուցվածքները զարգացնելու համար: «Վարչապետի գավաթ»-ը իսկապես շատ կարևոր նախագիծ է մեզ համար, և մենք ամեն ինչ անելու ենք այն ավելի զարգացնելու, ավելի գրավիչ դարձնելու համար»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցաշարով եզրափակվում է այս տարվա «ՀՀ վարչապետի գավաթ» 5 մրցումներից բաղկացած մրցաշարերի փուլը:  

«Այս տարի երեխաների աննախադեպ մասնակցության քանակ ունենք` երեք անգամ ավելի, քան նախորդ տարի էր: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք և մասսայական սպորտը այս կերպ պետք է զարգացնենք: Գալիք մրցաշրջանում «Վարչապետի գավաթ»-ը մեծամասամբ լինելու է երեխաների համար»,-ասաց Գիլոյանը:

1-ին տարիքային խմբի ներկայացուցիչների՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականների համար մրցաշարը մեկնարկել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքից. նրանք վազել են 4 կմ, իսկ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբի ներկայացուցիչները մրցավազքը սկսել են Փարաքարի համայնքապետարանին հարող տարածքից և հաղթահարել են 10 կմ մրցատարածություն՝ դեպի Էջմիածնի հրապարակ:

1-ին տարիքային խմբի մրցանակային եռյակում էին` (տղաներ) Վանիկ Մանդոլյանը, Սամվել Մարուքյանը, Գառնիկ Սարգսյանը. (աղջիկներ) Մարի Սարգսյանը, Անի Ներսիսյանը, Անահիտ Մարգարյանը:

2-րդ տարիքային խմբում մրցանակային տեղերում էին` (տղաներ) Դմիտրի Կորոլևը, Սպարտակ Ոսկանյանը, Միքայել Միքայելյանը. (աղջիկներ) Կատյա Գալստյանը, Սառա Ստահցը և Իրինա Պողոսյանը:

3-րդ տարիքային խմբում մեդալակիրներ դարձան` (տղաներ) Գևորգ Թորոսյանը, Վարդան Սաղյանը և Սամվել Հովհաննիսյանը. (աղջիկներ) Լիանա Հարությունյանը, Քրիստինե Միկոյանը և Քրիստինե Մուրադյանը:

Եվ պրոֆեսիոնալ աթլետների պայքարում մրցանակակիրներն են` (տղաներ) Երվանդ Մկրտչյանը, Բալաբեկ Հարությունյանը և Ռոման Ալեքսանյանը. (աղջիկներ) Էլլադա Ալավերդյանը, Լիլիթ Հարությունյանը և Լիաննա Մարտիրոսյանը:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am