Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը չեղարկել է «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված աղմկահարույց գործարքը

Armenpress 15:44, 1 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է Հայոց պատրիարքարանի որոշման մասին, որով  չեղարկվել է «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված աղմկահարույց գործարքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գոգչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.«Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը սույնով տեղեկացնում է, որ նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ տեղեկացնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին Քաղաքի Հայկական Թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիս 8-ին ստորագրված համաձայնագիրը»։

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։

Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am