Էլեն Խաչիկյանը դաշնակահարների միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրիի

Armenpress 19:14, 31 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) միջազգային մրցույթներում ունեցած իր հաղթարշավում գրանցել է ևս մեկ հաղթանակ. նա Գդանսկում (Լեհաստան) կայացած դաշնակահարների միջազգային առցանց մրցույթում արժանացել է «Գրան պրի» մրցանակի։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝  «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկված են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուրի, ջութակի, թավջութակի մասնագիտություններով:

Նշվում է, որ ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am