Արտարժութային ավանդները աճել են ինչպես վերջին մեկ ամսում, այնպես էլ՝ նախորդ տարվա համեմատ․ԿԲ նախագահը ցուցանիշներ է ներկայացրել

Armenpress 17:29, 31 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Այս տարվա սեպտեմբերի վերջին, մեկ ամսվա կտրվածքով, ռեզիդենտների ավանդներն աճել են 0․7 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած ասուլիսում տեղեկացրել է  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիային հաջորդած ժամանակահատվածում չի նկատվել դոլարային ավանդների դուրսբերում բանկային համակարգից այնպիսի ծավալներով, որը կարող էր ազդել փոխարժեքի վրա երկարաժամկետ կտրվածքով։

«Ինչ վերաբերում է արտարժութային ավանդներին, ապա օրինակ՝ իրավաբանական անձանց ցպահանջ արտարժութային ավանդներն աճել են 4․9 տոկոսով, իսկ ժամկետային ավանդները՝ 3․7 տոկոսով։ Ֆիզիկական անձանց արտարժութային ցպահանջ ավանդներն աճել են 4․7 տոկոսով, իսկ ժամկետային արտարժութային ավանդները նվազել են ընդամենը 0․8 տոկոսով»,-ներկայացրել է ԿԲ նախագահը՝ նշելով, որ արտարժութային ավանդների դուրսբերման մասին վկայող տենդենցներ չեն նկատվել։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ռեզիդենտների ավանդների աճը կազմում է 25․2 տոկոս (ֆիքսված փոխարժեքով), իսկ ոչ ռեզիդենտներինը 16․8 տոկոս։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am