Հայաստանի հետ մշակութային համագործակցությունը իր ուրույն տեղն ունի Ֆրանսիայի համար․Ֆրանսիայի մշակույթի նախարար

Armenpress 18:53, 26 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հետ մշակութային համագործակցությունն ուրույն տեղ է զբաղեցնում Ֆրանսիայի քաղաքականության մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

 «Այս առումով կա հոգի, էմոցիա և մեծ ուժ։ Ես այստեղ եմ, որպեսզի ևս մեկ անգամ վերահաստատեմ, որ Ֆրանսիան Հայաստանին սատար է նաև մշակութային ոլորտում»,-նշեց Ֆրանսիայի մշակույթի նախարարը։

 Նրա խոսքով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ քննարկումների արդյունքում ամրապնդվել են արդեն իսկ եղած ծրագրերը։

 «Նախանշված է համագործակցություն Նիմ քաղաքի Մեզոն Կյաղե հուշարձանի և Գառնու հեթանոսական տաճարի միջև, որովհետեւ Նիմ քաղաքի հայտնի այս հուշահամալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Դա շատ լավ սկիզբ է, որպեսզի այս համատեղ համագործակցության ներքո Գառնու հեթանոսական տաճարը ևս  ապագայում կարողանանք ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»,-նշեց Ռիմա Աբդուլ Մալակը։

 Ըստ Ֆրանսիայի մշակութային գերատեսչության ղեկավարի՝ համագործակցություն է նախատեսվել նաև հայ-ֆրանսական բալետի երկու դպրոցների միջև։ «Մշակութային ոլորտում իրականացվելու են նաև մասնագետների վերապատրաստումներ։ Այս այցի շրջանակներում տարբեր գաղափարներ են առաջանում, որոնք վերաբերում են մշակույթի տարբեր ոլորտներին և այդ բոլորը շատ ընդլայնված են ու միտված մարմնավորվել համագործակցության ու գործընկերային տարբեր  շրջանակներում»,-հավելեց Ֆրանսիայի մշակույթի նախարարը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am