ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան կհամակարգեն Գազայի հատված օգնություն հասցնելու գործողությունները

Armenpress 11:37, 23 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան պարտավորվել են համակարգել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության ծավալումը կանխելու ջանքերը։

Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 22-ին տարածել է Սպիտակ տունն այդ երկրների ղեկավարների հեռախոսային բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

«Ղեկավարները ողջունել են Գազայի հատված կարիքավոր պաղեստինցիների համար մարդասիրական առաջին շարասյուների ժամանման մասին հայտարարությունը և խոստացել են շարունակել գործողությունների համակարգումը տարածաշրջանի գործընկերների հետ՝ ապահովելու համար պարենի, ջրի, բժշկական սպասարկման և այլ օգնության շարունակական և անվտանգ հասանելիությունը: Ղեկավարները պարտավորվել են շարունակել սերտ  դիվանագիտական ​​համակարգումը, այդ թվում՝ տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ՝ կանխելու համար հակամարտության ծավալումը, ինչպես նաև պահպանելու կայունությունը Մերձավոր Արևելքում և քաղաքական կարգավորման և կայուն խաղաղության հասնելու աշխատանքը», - նշված է փաստաթղթում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի վարչապետներ Ռիշի Սունակը, Ջորջիա Մելոնին, Ջասթին Թրյուդոն, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերահաստատել են իրենց աջակցությունն Իսրայելին և նրա պաշտպանվելու իրավունքին, ինչպես նաև կոչ են արել պահպանել միջազգային հումանիտար իրավունքը, ներառյալ խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am