Հիմնանորոգվել է Լճաշեն գյուղի կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը

Armenpress 14:59, 17 Հոկտեմբեր, 2023

ԳԱՎԱՌ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն գյուղում ՀՀ պետբյուջեի տրամադրած միջոցների հաշվին արդեն ավարտվել են կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման  վարչությունից, Լճաշենի կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 236, 5 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսված է կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի ասֆալտբետոնե հին ծածկի քանդում և հեռացում, նոր հիմքի և երկշերտ ասֆալտբետոնե ծակի տեղադրում, բազալտե եզրաքարերի, մայթերի, ջրահեռացման համակարգի կառուցում։ Երթևեկելի մասում և մուտքերում ճանապարհն ասֆալտապատվել է 1,2 կիլոմետր երկարությամբ՝ 11 հազար 200 քառակուսի մետր մակերեսով։ Իրականացվել են նաև ճանապարհի կահավորման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի հունիսին և ավարտին հասցվել հոկտեմբերի սկզբին։ Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացրել  են «Ճանշին» ՍՊԸ շինարարները։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am