Մարզպետը ՀՀ նախագահին է ներկայացրել Սյունիքում ԼՂ-ից տեղահանվածներին օգնության ծրագրերը

Armenpress 21:19, 13 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, մարզպետը նախագահին մանրամասներ է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների գնահատման, շարունակաբար իրականացվող հումանիտար օգնության ծրագրերի և հետագա անելիքների վերաբերյալ:Ըստ աղբյուրի՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ճգնաժամային իրավիճակում մարզում կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ծանր պայմաններում հետևողականության, համերաշխության մթնոլորտի լիարժեք պահպանության համար: Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ նման մասշտաբային հիմնախնդրին համարժեք դիմակայությունը հնարավոր է դարձել կառավարության կառուցողական ու գործուն քայլերի և պետական գերատեսչությունների միասնական ու համակցված աշխատանքի շնորհիվ, ինչը նաև դրական արձագանքների է արժանացել միջազգային դիտորդների և կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։Նշվում է, որ մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար և նշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանն աջակցելու աշխատանքները կազմակերպվել են արտակարգ ռեժիմում՝ մեծաթիվ կամավորների աջակցությամբ, բռնի տեղահանվածների առաջնային անհրաժեշտության խնդիրները հրատապ լուծումներ ստանում են և ներկայիս ծրագրերն առավելապես միտված են բնակարանային կարիքների և աշխատատեղերի ապահովմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am