Ռուսաստանը հայտնել է ուկրաինական գնդակոծության հետևանքով Բելգորոդի գյուղերից մեկում 1 զոհի մասին

Armenpress 17:17, 10 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի մարզի Պոպովկա գյուղի գնդակոծման ժամանակ խաղաղ բնակիչ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram-ալիքում տեղեկացրել է նաև, որ զոհվածի կինը ծանր վիրավորվել է։

«Այսօր Կրասնայա Յարուգայի շրջանի Պոպովկա գյուղը երկու անգամ գնդակոծման է ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից: Դժբախտաբար, կրկնական գնդակոծման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ: Արկը մտել է մասնավոր բնակելի տուն, տարեց տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, նրա կինը ստացել է ծանր բեկորային վնասվածքներ», - գրել է տարածաշրջանի ղեկավարը՝ հավելելով, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:

Իսկ Ուկրաինայի Խարկովի մարզի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանը հրթիռով հարվածել է մարզի Վելիկի Բուռլուկ գյուղին։ 3 խաղաղ բնակիչ տուժել է։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանը 36 հարվածային կամիկաձե անօդաչուներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին։ ԱԹՍ-ներից 27-ը խոցվել են։ Հարվածների տակ են հայտնվել Օդեսայի, Նիկոլաևի և Խերսոնի մարզերը։ Օդեսայում ԱԹՍ-ները հարվածել են լոգիստիկ ենթակառուցվածքների։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am