Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ

Armenpress 11:30, 10 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավագանու հոկտեմբերի 10-ի նիստին քվեարկությանը մասնակցել էր ավագանու 37 անդամ, թեկնածուին կողմ է քվեարկել 32 անդամ, դեմ՝ 5:

Տիգրան Ավինյանը քաղաքապետի միակ թեկնածուն էր:

Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունները:

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը բոյկոտել են Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am