ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գրադարանավարի օրվա կապակցությամբ պարգևատրել է գրադարանների աշխատակիցներին

Armenpress 18:25, 9 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրադարանավարի օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով և  պատվոգրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ըստ աղբյուրի՝ ողջունելով ներկաներին՝ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության անունից մեկ անգամ ևս շնորհավորել է ոլորտի աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ և կարևորել գրադարանների և գրադարանավարների անգնահատելի դերակատարումը հանրության կյանքում:

Նախարարի տեղակալը խոսել է նաև ոլորտում առկա  մարտահրավերների մասին՝ մատնանշելով արդի տեխնոլոգիաների ներդրման, նորարարական  մոտեցումների անհրաժեշտությունը: Նա վստահություն է հայտնել, որ ոլորտի ներկայացուցիչները հմտությունների զարգացման և բարձր մասնագիտական կարողությունների շնորհիվ հաղթահարում են նաև այդ խնդիրները:

Նշվում է, որ Ալֆրեդ Քոչարյանի ընդգծմամբ՝ պետությունը անչափ կարևորում է գրադարանային ոլորտի առաջխաղացումը և դրա լավարկման նպատակով պետական բյուջեից 30 մլն դրամ է հատկացվել գրադարանների սերվերների ձեռքբերման համար, որոնց միջոցով կապահովվեն գրադարանների անվտանգ և սահուն աշխատանքը:

Նախարարի տեղակալը մաղթել է ոլորտի մասնագետներին կենսական մեծ ուժ և հաջողություններ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am