Աճեմյանցիները թատերաշրջանի սկիզբն ազդարարեցին «Շարքային թռչնակը» ներկայացումով
ԳՅՈՒՄՐԻ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու դրամատիկական թատրոնը չհետաձգեց նոր՝ 158-րդ թատերաշրջանի բացումը։ Առաջնախաղն ավելի քան արդիական էր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ նոր թատերաշրջանը աճեմյանցիներն ազդարարեցին սեպտեմբերի 29-ին՝ «Շարքային թռչնակը» ներկայացումով։
«Մենք կարող էինք հետաձգել առաջնախաղը, ինչպես ամբողջ հայ ազգն է անում, եթե լիներ ժամանցային, բայց այս ներկայացումը պարտադիր պետք է լիներ»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ թատրոնի աշխատանքները չեն կանգնելու, պետք է խաղան, բայց ժամանակի հետ համահունչ։ Թատրոնի տնօրենը վստահեցրեց, որ մտածելու են տարբեր մշակութային միջոցառումներ իրականացնել՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանն ինտեգրելու համար։ «Գյումրու թատրոնը սրտաբաց կընդունի նաև Ստեփանակերտի թատրոնի աշխատակիցներն՝ նրանք պետք է գան ու ստեղծագործեն մեզ հետ»,-վստահեցրեց Լյուդվիգ Հարությունյանը։
Ուիլյամ Ուորթոնի համանուն բեսթսելլերի հիման վրա ստեղծված հոգեբանական դրաման երկու տարբեր երիտասարդների՝ խոցելի, զգայուն Թռչնակի և նրա քմահաճ ընկերոջ՝ Էլի մասին է: Նրանք հակապատկերներ են, բայց նրանց միջև նաև ընդհանուր բան կա։ Պատերազմի «մսաղացը» նրանց փոխում է: Էլը այլևս չի կարողանում այդքան անհոգ ուրախ ընկեր լինել, իսկ Թռչնակը ամբողջովին փակվում է իր մեջ, խելագարվում՝ իրեն թռչուն պատկերացնելով։ Հանուն իրենց նախկին ընկերության Էլը պետք է ձեռք մեկնի իր ընկերոջը, վերականգնի իր ողջախոհությունը, դուրս քաշի թռչնի վանդակից, որում նա պարփակվել էր: Հուզիչ ու գեղեցիկ պատմություն մարդկային ճակատագրերի մասին,ովքեր պատերազմի սարսափներից հետո փորձում են վերագտնել իրենք իրենց:
Բեմադրության հեղինակ Տաթևիկ Մելքոնյանը նշեց՝ առաջին համագործակցությունն է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի հետ, բայց աշխատելը թատրոնի հետ այնքան արդյունավետ էր, որ պատրաստ է նոր համագործակցության։
Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումը, զգեստները՝ Տաթևիկ Մելքոնյանի, թարգմանությունը՝ Շաքե Ջինգյոզյանի, դերերում՝ Արսեն Միքայելյան, Արտուշ Միքայելյան, Սուրեն Գրիգորյան, Լիլիթ Խառատյան, Արկադի Ղարագուլյան, Արսեն Սաղաթելյան մասնակցությամբ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանի։
Արմենուհի Մխոյան