Մենք Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին ենք. հայ և իռլանդացի երիտասարդները Թուրքիայի և Ադրբեջանի դեմ բողոքի ակցիա են իրականացրել

Armenpress 14:30, 29 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դուբլինում Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի ընթացող նիստի ժամանակ սեպտեմբերի 29-ին մի խումբ հայ  և  իռլանդացի երիտասարդներ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ ակցիա իրականացնող երիտասարդները հանդես են եկել  «Ամոթ Ադրբեջանին», «Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպան են», «Կանգնեցրեք ցեղասպանությունը», «Մենք Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին ենք» վանկարկումներով:

Երիտասարդները տեւական ժամանակ մնացել են այնտեղ, համաժողովին մասնակցող պատվիրակներից շատերը դուրս են եկել նիստից և հեռվից լուսանկարել  նրանց:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իջել եւ զրուցել է երիտասարդների հետ. նրանք ընդգծել են, որ Հայաստանի կառավարության, Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին են: Երիտասարդներն իրենց զորակցությունն են հայտնել բռնի տեղահանվող ԼՂ հայերին՝ նշելով, որ ցանկանում են գրավել միջազգային հանրությունը ներկայացնող խորհրդարանների նախագահների ուշադրությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am