Դավիթ Բաբայանը որոշել է ներկայանալ Ադրբեջանի իրավապահ մարմիններին

Armenpress 10:11, 28 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը որոշել է ներկայանալ Ադրբեջանի իրավապահ մարմիններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բաբայանն այս մասին հայտարարություն է տարածել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,

Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։

Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»,- գրել է Բաբայանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am