Կոմիտասի ծննդյան առիթով կատարվել է հոգեհանգստյան կարգ

Armenpress 19:41, 26 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը  անվանի մտավորականների, արվեստագետների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել վարդապետի շիրիմին: Կոմիտասի ծննդյան 154-ամյակի առիթով կատարվել է հոգեհանգստյան կարգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, արարողության ավարտին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ կատարել է Կոմիտասի «Ել, ել» ստեղծագործությունը:  

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, խոսելով Կոմիտասի ստեղծագործական ժառանգության և կերպարի մասին, ընդգծել է, որ  Կոմիտաս վարդապետը հայ ազգի գենետիկ կոդի մարմնացումն է, հայության հավաքական ուժի, ապրելու և արարելու խորհուրդն ու անկոտրում կամքի առհավատչյան:

Նշվում է, որ Վարդապետի 154-ամյակի առթիվ հնչեցվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի զանգը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am