ԱՄՆ ՄԶԳ-ն կհայտարարի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար լրացուցիչ հումանիտար աջակցության մասին

Armenpress 21:20, 25 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ միջազգային զարգացման գորակալությունը սեպտեմբերի 26-ին կհայտարարի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց լրացուցիչ հումանիտար աջակցություն տրամադրելու մասին, այդ թվում՝ դրամական: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:

Փաուերը նշեց, որ 2020 թվականից ԱՄՆ-ն ապահովել է հումանիտար օգնություն՝ սնունդ, բժշկական պարագաներ, երեխաների համար անհրաժեշտ միջոցներ և այլն:

«Վաղը ես կհայտարարեմ լրացուցիչ հումանիտար աջակցություն տրամադրելու մասին: Մենք ապահովելու ենք առաջին անհրաժեշտության պարագաներ, վերմակներ, հիգիենայի պարագաներ՝ օգնելու մարդկանց, որոնք թողել, հեռացել են իրենց տներից, ԼՂ-ից և այժմ օգնության կարիք ունեն: Մենք պատրաստ ենք սննդամթերք, նաև դրամական աջակցություն, իրավական օգնություն, կացարան ապահովել այն անձանց, որոնք դրա անհրաժեշտությունն ունեն»,-ասաց Փաուերը: 

ԱՄՆ ՄԶԳ տնօրենը նշեց նաև, որ սերտորեն աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ, այն համայնքերի հետ, որոնք իրենց դռները բացել են այդ բռնությունից հեռացող մարդկանց առաջ:  Նա շեշտեց՝ ԼՂ բնակիչներն արժանի են, որ բռնությանը վերջ տրվի, որ կարողանան ապրել ապահով, կարողանան իրենց հայեցողությամբ ազատ տեղաշարժվել:

Փաուերը նաև հավելեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել Ադրբեջանի և ՀՀ ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակում՝ հետամուտ լինելով խաղաղությանը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am