Իր դռներն է բացել Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

Armenpress 18:54, 15 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 15-ին իր դռները բացեց Armenia EXPO 2023 22-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը, որին իրենց մասնակցությունն են բերել 300 ընկերություններ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ավստրիայից, Իրանից, Լատվիայից, Լիտվայից և Ղազախստանից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, կառույցի ու «Լոգոս էքսպո կենտրոնի» համատեղ կազմակերպած ցուցահանդեսին ներկայացված են ամենատարբեր ոլորտներ՝  շինարարություն, բեռնափոխադրումներ, կահույքի արտադրություն, պոլիգրաֆիա և հրատարակչություն, սննդարդյունաբերություն, զբոսաշրջություն ու հանգիստ, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ։

«Ողջունելով այս տարվա իր բնույթով ամենամեծ ցուցահանդեսի մասնակիցներին՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը կարևորեց Armenia EXPO 2023-ի կազմակերպումը, որտեղ գործարարները հնարավորություն ունեն հանդիպելու թե՛ իրենց գործընկերներին, թե՛ անմիջական սպառողներին, գործարար կապեր հաստատել  արտասահմանյան ընկերությունների հետ։ Այն արտերկրի կազմակերպություններին հնարավորություն է տալիս գործունեություն ծավալել Հայաստանում, իսկ հայկական ընկերություններին՝ ընդլայնել իրենց արտահանման շուկաները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանի գնահատմամբ՝ ցուցահանդեսի  ներկայացուցչականությունը վկայում է վերջինիս կայացածության մասին։ Նրա խոսքով՝ հարկ է համընթաց շարունակաբար  զարգացնել նաև մասնագիտացված ցուցահանդեսների կազմակերպումը, ինչը կնպաստի մեր տնտեսության մասնագիտական հմտությունների և նոր տեխնոլոգիաների ներգրավմանը, նոր գործարար կապերի ձևավորմանն ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ այլ տարածաշրջանային ու միջազգային մասնակիցների հետ։ Փոխնախարարը հավաստիացրեց, որ իրենց նախարարությունը  շարունակական աջակցություն է ցուցաբերելու համանման նախաձեռնություններին։ 

Նշվում է, որ, ըստ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոյի՝ ներկա ցուցահանդեսը յուրահատուկ է նրանով, որ այն ունիվերսալ է և ընդգրկել է ամենատարբեր բնագավառներ։ Նրա ներկայացմամբ՝ Armenia EXPO 2023-ին մասնակցում են Ռուսատանի Դաշնության շուրջ մեկուկես տասնյակ տարածաշրջանների ներկայացուցիչներ։  «Շատ կարևոր է, որ ցուցահանդեսը լինի հարթակ ոչ միայն հանդիպումների ու ծանոթությունների, այլև գործարար կապերի հաստատման, հետաքրքիր նոր նախագծեր ի հայտ բերելու համար»,- նշել է Աննա Դոնչենկոն։

Armenia EXPO 2023 22-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 17-ը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am