«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ միության հիմնադրի «Ֆոտոաուրա» լուսանկարչական գրքի շնորհանդեսը

Armenpress 13:15, 11 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի «Ֆոտոաուրա» լուսանկարչական ալբոմ-գրքի շնորհանդեսը և ալբոմում տեղ գտած լուսանկարների ցուցահանդեսը:  Նարեկ Հարությունյանին շնորհավորելու էին եկել իր ընկերներն ու բարեկամները, որոնցից շատերի նկարները տեղ են գտել գրքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, միջոցառման ընթացքում Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը կատարեց  Արմեն Տիգրանյանի «Անուշ»  օպերայից Սարոյի արիան (մեներգիչ՝ Արման Առաքելյան), Արա Գևորգյանի «Արցախ»  և Կոստանդին Պետրոսյանի «Հայաստան» (մեներգիչ՝ Արման Առաքելյան)  ստեղծագործությունները:

Անակնկալ կատարմամբ հանդես եկան Նարեկ Հարությունյանի զավակները՝ Նովա և Քնար Հարությունյանները:

 Խոսելով Նարեկ Հարությունյանի մասին՝ նրա եղբայրը՝ Սարո Հարությունյանը, որ հանդիսանում է գրքի հովանավորը, ասաց, որ Նարեկը «Նարեկացի» արվեստի միության բաբախող սիրտն է, խթանող ուժը: Նրա խոսքով՝ ազգապահպանության գործում յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա, Նարեկ Հարությունյանը դա անում է հայ մշակույթի պահպանմամբ և տարածմամբ:

«Ֆոտոաուրա» լուսանկարչական ալբոմ-գրքի հեղինակ Նարեկ Հարությունյանն իր խոսքը սկսեց Աստծուն փառք տալով, նշեց, որ սերը հայրենիքի և մշակույթի հանդեպ ժառանգել է ծնողներից, որի լավագույն դրսևորումը «Նարեկացի» արվեստի միությունն է, որն արդեն 19 տարեկան է:

Միջոցառման ավարտին բոլոր ներկաները ստացան լուսանկարչական ալբոմ-գրքի իրենց օրինակը՝ հեղինակի ստորագրությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am