Թալիբները կանանց արգելել են այցելել Աֆղանստանի հայտնի ազգային զբոսայգիներից մեկը

Armenpress 12:14, 28 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աֆղանստանում իշխանության գլխին գտնվող «Թալիբան» շարժումը արգելել է կանանց այցելել երկրի հայտնի ազգային զբոսայգիներից մեկը՝ ավելացնելով կանանց նկատմամբ սահմանափակումները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «The Guardian» պարբերականից։

Ըստ պարբերականի՝ տարեկան հազարավոր մարդիկ են այցելում «Բանդ Է Ամիր» ազգային զբոսայգի՝ հիանալով այնտեղ գտնվող լճերի գեղեցկությամբ և գեղատեսիլ բնությամբ։ Սակայն Աֆղանստանի բարոյականության և առաքինության նախարարը գանգատվել է, որ զբոսայգի այցելող կանայք չեն պահպանում հիջաբը կրելու կանոնները։

«Տեսարժան վայրեր այցելելը կանանց համար պարտադիր չէ», - ասել է նախարար Մոհամմադ Խալիդ Հանաֆին և անվտանգության ուժերին պատվիրել թույլ չտալ կանանց մուտքը զբոսայգի։  

Իշխանության վերադառնալուց ի վեր «Թալիբան»-ը փակել է աղջիկների համար նախատեսված միջնակարգ դպրոցների մեծ մասը, արգելել է կանանց համալսարան ընդունվել, ինչպես նաև աշխատել ՄԱԿ-ի գրասենյակներում։ Կանանց առջև դռները փակել են նաև հասարակական վայրերի մեծ մասը, այդ թվում՝ բաղնիքները, մարզասրահները, զբոսայգիները, գեղեցկության սրահները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am