Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում

Armenpress 19:13, 24 Օգոստոս, 2023

ԾԱՂԿԱՁՈՐ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Բացի կատարված աշխատանքների մասին զեկույցից, կարևոր է մեր ղեկավարներին ներկայացնել մեր համագործակցությունը լրացնելու կոնկրետ նախաձեռնություններ։ Առաջարկվում է դրանք ամրագրել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրների և առանցքային ուղղությունների մասին հռչակագրում, ինչպես նաև ընդունել այդ ռազմավարական փաստաթուղթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որտեղ մեր ղեկավարները կհավաքվեն տարեվերջին», - նշեց Միխայիլ Միշուստինը։

Ծաղկաձորում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլով և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Նիստի ընթացքում քննարկվեց ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը և սահմանել միության զարգացման ռազմավարական վեկտորները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

Կողմերը քննարկեցին նաև ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդումը և հավանական գործընկերների հետ կապերի հաստատումը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am