Վարչապետն ամփոփեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները

Armenpress 11:19, 17 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ՄԱԿ-ի անվտանգության  խորհրդի նիստը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված  հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնացրեց հետևյալ արդյունքները․

«Առաջին՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես ՄԱԿ անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ։ 

Երկրորդ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումը հաստատեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։

Երրորդ՝ ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել։

Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է։ Նաև միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ միջազգային հանրության այս կոչը այս պահի դրությամբ իրագործված չէ և 22 բեռնատար՝ շուրջ 400 տոննա հումանիտար բեռով, Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am