Ավստրիայում սալմոնելայի բռնկում է տեղի ունեցել

Armenpress 19:45, 16 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սալմոնելայի բռնկումներ են նկատվել Ավստրիայի բոլոր դաշնային նահանգներում, բացառությամբ Տիրոլից, ինչը, հավանաբար, կապված է Լեհաստանից ներկրված հավի մսից պատրաստված քյաբաբի իրացման հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ավստրիայի առողջապահության և սննդի անվտանգության գործակալությունը (AGES)։

«Ներկայումս Ավստրիայում առկա են սննդային վարակների բռնկումներ, հիվանդացել է 27 մարդ, մեկը մահացել է», ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։  

Գործակալությունը նշում է, որ սննդամթերքից փոխանցվող հիվանդությունների այս բռնկումների հետաքննությունն իրականացվում է AGES-ի, Առողջապահության նախարարության և դաշնային նահանգների համապատասխան իրավասու մարմինների միջև սերտ համագործակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am