ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

Armenpress 19:49, 3 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ տալ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,- նշված է գրառման մեջ:

Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին ձերբակալելու մասին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել էր օգոստոսի 1-ին՝ նշելով, թե Բեգլարյանին ձերբակալել են Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին։ Այնուհետև հաղորդագրություն էր տարածել Արցախի ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Ավելի ուշ՛ հաղորդագրություն էր տարածել նաև Արցախի դատախազությունը, որի համաձայն՝ Ռաշիդ Բեգլարյանն ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել ու առևանգվել Արցախից Հայաստան գնալու ճանապարհին։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am