Ռուսաստանը հրաժարվել Է ՄԱԿ-ի ԱԽ-ում հացահատիկի գործարքի վերաբերյալ ելույթից

Armenpress 19:54, 26 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը հրաժարվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հացահատիկի գործարքի վերաբերյալ ելույթից, քանի որ բրիտանական նախագահությունն արգելափակել է Ռուսաստանի Դաշնության կողմից որպես զեկուցող հրավիրված Գեդեոն եպիսկոպոսի մասնակցությունը Անվտանգության խորհրդի նիստին՝ նվիրված Ուկրաինայի կանոնական ուղղափառ եկեղեցու (ՈՒԿՈՒԵ) շուրջ ստեղծված իրավիճակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը,  այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ի նշան բողոքի՝ մեր զեկուցողին Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց զրկելու Մեծ Բրիտանիայի փորձի դեմ, այն դեպքում, երբ այդ թեկնածուն լիովին համապատասխանում է չափանիշներին, այսինքն ՝ իրավասություն ունի այսօր օրակարգում գտնվող հարցի շուրջ, մենք մեր հաջորդ նիստին ելույթ չենք ունենա։ Խնդրում եմ համապատասխան փոփոխություններ կատարել բանախոսների ցանկում»- ասել է նա:

«Բրիտանական նախագահությունը միանձնյա որոշել է, որ այդ զեկուցողներից մեկը տեղ չունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Դա բացարձակապես արհեստական է», - ընդգծել է Պոլյանսկին։

Հուլիսի 26-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի հարցով երկու նիստ է անցկացնում։ Առաջինը գումարվել է Ռուսաստանի խնդրանքով ՝ ՈՒԿՈՒԵ-ի հետապնդումների հետ կապված։ Այնտեղ պետք է ելույթ ունենար ՈՒԿՈՒԵ-ի նախկին եպիսկոպոս Գեդեոնը, սակայն Մեծ Բրիտանիան արգելել է նրա մասնակցությունը։ Ավելի ուշ Ուկրաինայի պահանջով տեղի կունենա Անվտանգության խորհրդի՝ հացահատիկի գործարքի վերաբերյալ նիստը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am