Վրաստանը Օդեսայի մարզի Ռենի նավահանգստից տարհանում Է վեց նավաստիների

Armenpress 19:10, 24 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի իշխանությունները տարհանում են Ուկրաինայի Օդեսայի մարզի Ռենի նավահանգստում Մալթայի դրոշի ներքո բեռնատար նավի վրա գտնվող վեց նավաստիներին, որոնք հարձակման են ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը:

«Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը միացել է հուլիսի 24-ին Օդեսայի մարզի Ռենի նավահանգստում Մալթայի դրոշի ներքո լողացող Akomena նավից վեց նավաստիների հայրենադարձման գործընթացին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ նավաստիներն արդեն գտնվում են Ռումինիայի սահմանի մոտ և մոտ ժամանակներս կվերադառնան Վրաստան: Գերատեսչությունն ուղիղ կապի մեջ է նավատիրոջ հետ և Վրաստանի ԱԳՆ-ի հետ հետևում է տարհանման գործընթացին:

Ինչպես հաղորդել Է ուկրաինական «Страна» պարբերականը, Ռենի նավահանգիստը, որը գտնվում է ուկրաինա-ռումինական սահմանի մոտ, գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, ինչի հետևանքով ոչնչացվել է հացահատիկի երեք պահեստ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am